-Տիկին Խոդիկյան, «Գրական թերթը» ավանդապաշտ գրական համայնքին ոչ հատուկ ընթացքի մեջ էր՝ անցել էր առցանց աշխատանքային օրակարգի և առժամանակ հրապարակվում էր միայն թվային տարբերակով: Սա ինչպե՞ս էր անդրադառնում խմբագրակազմի, հեղինակների, ընթերցողների փոխհարաբերությունների վրա:
-Խոսքս «Մսրա Մելիքից սկսեմ». հաճախ եմ ասել, որ 1988-ից հետո ինչ ասես չտեսավ նաև իմ սերունդը, և էլի ի՞նչ պիտի լիներ, որ անակնկալի բերեր երկրաշարժ ու պատերազմ, էներգետիկ, տնտեսական ու քաղաքական ճգնաժամեր տեսածներիս: Բայց իզուր չի ասված՝ «Երբեք չասես՝ երբեք»: ՈՒ՞մ մտքով կանցներ, որ հաշված ամիսների ընթացքում Երկիր մոլորակը կթաղվեր կորոնավիրուսային անդունդը, և կգտնվի՞ այսօր մեկը, ով կկանխատեսի այս աղետի ավարտի գոնե սկիզբը… Բնականաբար, Ձեր բնորոշմամբ, ավանդապաշտ գրական համայնքի համար ներքին երկրաշարժի պես մի բան էր «Գրական թերթի» առցանց ներկա-բացակայությունը, քանի որ շատ համառներ չէին ու չեն ընդունում այս պարտադրված իրողությունը: Մարտի 15-ին մեր բնականոն աշխատանքի վերջին օրը եղավ: Միացյալ երկու համար իջեցրինք տպարան, և մինչև հուլիս շաբաթաթերթը հրատարակվեց թվային տարբերակով: Հուլիսի 7-ին «ԳԹ»-ն լույս տեսավ թղթային տարբերակով, ու միայն իմանաք՝ «աչքալուսանքի» քանի ու քանի հեռախոսազանգ եմ ստացել… Ինչ վերաբերում է փոխհարաբերությանը, «կորուստներ» չունենք. և՛ խմբագրակազմին, և՛ մեր հեղինակներին ու ընթերցողներին միավորում են գրականությանն ու գրական ընթացքին, նրա արժեքներին (թող բարձր չհնչի՝ իրողություն է) նվիրվածությունն ու հավատարմությունը: Ասեմ ավելին՝ երևի թե ընդհանուր տագնապով պայմանավորված՝ ավելի սերտ ու միաբան ենք: Փառք Տիրոջը, բարձր տեխնոլոգիաները ամիսներով իրար չտեսնելը փոխհատուցում են իրենց տեխնիկական հնարավորություններով: Անձամբ ես երբեք հեռախոսով այսքան չէի խոսել…
-Համավարակի առաջին շաբաթներին ասացիք, որ գրողները, տանը փակված լինելու, գործունեության որոշակի սահմանափակումների ենթարկվելու հանգամանքով պայմանավորված, շատ ակտիվորեն սկսել են ստեղծագործել, գրել: Այսուհանդերձ, չե՞ք կարծում, որ գրողի ստեղծագործական «հումքը» շատ արագ կարող է սպառվել համավարակի կաշկանդող աքցաններում, որ կաֆկայական այս իրականության բերումով նոր Կաֆկա ծնվելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ:
-Մի քանի ամիս շարունակ նոր՝ «Քովիդ քրոնիկոն» խորագրով հիսունից ավելի գրողներ «բացահայտում» էին իրենց գրական խոհանոցը, իսկ համապատկերում ունեցանք յուրօրինակ ստեղծագործական վիճակագրություն «առատ գրական բերքահավաքի» մասին, ինչը նորմալ երևույթ է: Չէ՞ որ սահմանային վիճակները ստեղծագործական երևակայությանը զարկ տվող լավագույն խթանն են: Իսկ սպառվում է ոչ թե հումքը, այլ երևակայությունը… Ես որ սպասում եմ նոր կաֆկաների:
-Ձեր թատերգությունները բեմադրվում էին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, և Դուք հաճախ ներկա էիք լինում դրանց բեմադրություններին տարբեր քաղաքներում: Տեղեկություն ունե՞ք, թե ինչ ճակատագրի են արժանացել այդ բեմադրությունները, որքանո՞վ է կանխորոշելի դրանց ապագա բեմական կենսագրությունը:
-Այս օրերին ինչի մասին էլ որ խոսենք, պիտի սկսենք «համավարակ» բառով: Վերջինիս շորշոփն զգացել եմ նաև ռուսական մի քանի քաղաքներում բեմադրված պիեսներիցս ստացվող հոնորարների հոսքի կտրուկ դադարով: Ընդամենը մի շաբաթ առաջ հրաժարվեցի Լիպեցկի ամենամյա միջազգային թատերական փառատոնի մասնակցությունից: Լ. Տոլստոյի անվան դրամատիկական թատրոնի հետ ինձ կապում է տարիների բարեկամությունը, հատուկ այդ թատրոնի համար եմ գրել «Սաշան՝ Տոլստոյի դուստրը» պիեսը: Էլ չեմ ասում այլ փառատոների մասին, որտեղ, որպես ժյուրիի անդամ, կարողանում էի լրացնել թատերական քաղցս՝ լավագույն բեմադրություններ դիտելով և, իհարկե, նաև դատելով։ Հուլիսին ՈՒլյանովսկի թատրոնից զանգեցին, խնդրեցին «Սիրային քառանկյունի» ներկայացումը առցանց ցուցադրելու հեղինակային թույլտվություն՝ առանց հոնորարի: Նիկոզիայից լուր չկա՝ «Օրը շարունակվում է» (Ֆրիդա Կալոյի մասին պիեսս) ներկայացումը, որ այդքան հաջող ընթացք ուներ, կասեցվել է։ Օգոստոսին էլ Ալդանից (Յակուտիա) նամակ ստացա. ռեժիսորը գրում էր, թե ինչ ոգևորությամբ էին պատրաստվել «Չկրակեք, ես արդեն սպանված եմ» պիեսիս առաջնախաղին, բայց անիծյալ վարակը… Պատասխան նամակս հուսախինդ մխիթարություն էր՝ ուղղված նրան և, իհարկե, ինձ… Ինչպես տեսնում եք, լավատեսությունս չեմ կորցնում՝ ինքնահեգնանքս վկա, իսկ ապագայի մասով կապրենք, կտեսնենք:
-Ձեր ստեղծագործական տիրույթները՝ գրականությունը և թատրոնը, իրականությունն արտացոլող ամենաճշգրիտ հայելիներն են: Հետհեղափոխական Հայաստանի արտացոլումը տեսնու՞մ եք դրանցում:
-Որքան էլ զարմանալի հնչի, Ձեր նշած հետհեղափոխական Հայաստանը արտացոլել եմ 1998 թվականին գրված «Մոռացված օրը կամ խաղ բոլոր ժամանակների համար» պիեսում: Ավելին չեմ ասի, ում կհետաքրքրի, պիեսը կարող է կարդալ tatron-drama.am և granish.org կայքերում:
-Աշխարհի պատերազմը կորոնավիրուսի համավարակի դեմ է, իսկ մերը՝ նաև սանձարձակ, անկանխատեսելի թուրք-ազերիների: Ո՞րն է այս պատերազմներից առավել վտանգավոր՝ ըստ Ձեզ:
-Եթե կորոնավիրուսի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը, թուրք-ազերիների դեմ պայքարում մենք ենք, Արցախն ու համայն հայությունը: Թվական առումով աշխարհի գերակայությունն ակնհայտ է: Մերը… Գիտե՞ք, ինչ ասել է «Հայի ոգի»: Գիտե՛ք: Մեր թշնամին էլ գիտի: Վտանգավոր են երկուսն էլ՝ հավասարաչափ, մենք աշխարհի մեջ ենք, ու աշխարհն է մեր մեջ. պարզապես, որպես գաղտնի զենք, ունենք Ոգին, որ մեզ պահել ու պահելու է:
-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի վաղվա օրը, և ումի՞ց է այդ օրվա բնութագիրը կախված:
-Վաղվա օրը կախված է ինձնից, առաջինը՝ ինձնից: Կասեք՝ քի՞չ է: Քիչ չէ, եթե մեզնից ամեն մեկը վերցնի երկրի վաղվա օրվա այդպիսի պատասխանատվությունը:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ